ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԽԵՆԹԵՐԸ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԽԵՆԹԵՐԸ
20.09.2011 | 00:00

Գուցե տարօրինակ թվա այս վերնագիրը Երուսաղեմ անվան կողքին, բայց անմեկնելի փաստ է նմանների գոյությունը Սուրբ երկրում: Խոսքն Աստծո խենթերի մասին է, ինչպես նրանց անվանում է Պողոս առաքյալը:
Ադամանդը՝ ամենաթանկագին քարերից մեկը, իր բնական վիճակում տձև է ու խճի մեջ է լինում։ Անտեղյակները, եթե այն տեսնեն, ոչ մի ուշադրություն չդարձնելով, կանցնեն։ Մասնագետները, սակայն, իսկույն կտարբերեն այն մնացած հասարակ քարերից: Այդպես էլ անքննելի են Աստծո ծրագրերը, որոնք արտաքին խենթության մեջ երբեմն թանկագին գանձ-հոգիներ են թաքցնում: Բայց, իհարկե, տարօրինակություն ունեցող ոչ բոլորն են Աստծունը, որովհետև շատերը մոլորությունից դրդված են դարձել այդպիսին։
Երուսաղեմում լուսահանման օրերին Տաճարում տեսա նրանցից մի քանիսին: Նրանցից մեկն ամբողջովին ճերմակաթույր հագուստով էր, երկար, շագանակագույն գեղեցիկ մազերով, հարդարված մորուքով, ինչպիսիք Եհովայի վկաների ամսագրերում ենք հանդիպում: Բայց երբ հետաքրքրության համար ավելի ուշադիր զննեցի (որովհետև այստեղ հավատի հետ կապված ամեն բան էր հետաքրքրում ինձ), տեսա, որ այդ «Քրիստոսի դերակատարի» հոնքերն ու թարթիչները խնամքով մշակված են, իսկ դեմքը շպարված էր, ինչպես կանանց մոդայիկ ամսագրերում, և հասկացա, որ այս մոլորյալն էլ «երկնագույնների», այսինքն` արվամոլների դասակարգի «մեսիան» է իրենից ներկայացնում (չէ՞ որ բոլորին էլ «օծյալ» է պետք): Նույն օրը մեկ ուրիշին էլ տեսա, որը, ի տարբերություն այն մեկի, թավ ու գզգզված մորուքով էր, տռուզ արտաքինի վրա կոպտավուն գործվածքով պարկանման ինչ-որ հագուստ էր քաշել ու բազմաթիվ խաչեր կախել վրան, կարծես զրահապատված լիներ զանազան ձևի ու չափի խաչերով: Նա Սուրբ տաճար մտնելով, ամբողջ մարմնով մեկ իսկույն փռվեց պատանատեղի վրա ու, երկար ժամանակ այդպես մնալուց հետո, վեր կացավ և սկսեց իրավունք ունեցողի պես շրջել սրբատեղերով, ինչպես իր ժամանակին Քրիստոս Տերն էր շրջում Սողոմոնի տաճարում:
Երուսաղեմի յուրաքանչյուր սրբատեղի իր հատուկ խենթերն ունի, և արժե, որ Սուրբ տաճարի «սեփական» խենթերի մասին ևս առանձին խոսենք: Դրանցից մեկը նեգրուհի էր, որը միշտ չափազանց լայնեզր գլխարկով էր, Գողգոթայի սրահի առջևի պատշգամբում կանգնած, անդադար պարում էր աֆրիկյան ռիթմիկ պարեղանակի շարժումներով, ավելի շուտ նա այդպես աղոթում էր, ինչը միայն սևամորթ ազգերին է հատուկ: Եվ այնքան երկար էր տևում այդ պարաղոթքը, որ բոլորը զարմանում էին նրա ուժի և դիմացկունության վրա: ՈՒ եղավ մի ժամանակ, որ այլևս նրան չէինք տեսնում` կարծելով, թե իր երկիրն է վերադարձել, բայց նրա փոխարեն սևազգեստ, երկար փեշերով, միանձնուհու սրածայր վեղարով, միշտ երեսը ծածկած մեկը հայտնվեց, որն անշշուկ լռությամբ, միշտ սուրբ Գերեզմանի հետևի մասում, աթոռի վրա, գլուխը կախ ժամերով անշարժ նստում էր: Հետո մի օր իմացանք, որ այդ մեկը այն նույն նեգրուհին էր, որին երևի հանդիմանել էին խիստ «յուրահատուկ» աղոթքի համար, նա էլ խոնարհաբար ճիշտ հակառակ ձևն էր ընտրել: Մի օր էլ, երբ ավարտվում էր հայոց գիշերային պատարագը, միաբաններին օգնում էի, որ սպասքը ներս տանենք, քանի որ լատինների իրավունքի ժամն էր մոտենում, հանկարծ հայտնվեց այդ նեգրուհին և սկսեց գույնզգույն ու երկար ժապավենները թափահարելով` լուռումունջ պարել Տիրոջ Սուրբ Գերեզմանի առաջ: Նայում էի նրա էքստատիկ ու ինքնամոռաց շարժումներին և մտովի նմանեցնում էի Հին կտակարանի այն դրվագին, երբ Դավիթ թագավորը պարում էր ՈՒխտի սուրբ Տապանակի առջև:
Կար նաև մեկ ուրիշ խենթ, որը շեղաչք ազգերից էր, հավանաբար` ճապոնացի: Նա էլ էր միշտ լուռ, բայց չգիտես թե ինչով լեցուն բազմաթիվ ցելոֆանե տոպրակներով բեռնավորված էր միշտ Սուրբ տաճար գալիս, այդ ամենը շուրջբոլորը դասավորելով, կարճլիկ ոտքերը իրար վրա դնելով, անծպտուն, անշարժ ու սևեռուն հայացքով, ժամերով նստում էր Գողգոթայի դիմաց և ակնդետ նայում այնտեղ կանգնեցված Խաչյալ Տիրոջ իրական չափսերով Խաչին: Եվ ոչ ոք դեռ նրան խոսելիս կամ բարձրաձայն աղոթելիս չէր տեսել: ՈՒ այդպես համարյա ամեն օր։
Բազմիցս լինելով Սուրբ տաճարում, հաճախ տեսնում էի փոքրամարմին, վտիտ, և թող Տերը ների ինձ Իր մեծ ներողամտությամբ, սովետական դասագրքերում նկարված մարդու կապկային ծագումը բացատրող ծաղրանկարներում պատկերված ու դեռ մարդ չդարձած կապկի նման, խիստ սևամորթ, տգեղ ու թզուկ մի աֆրիկացու: Նա, չգիտես ինչու, միշտ մինչև ոտքերի թաթերը հասնող սպիտակ կամ վառ կարմիր խալաթանման հագուստ էր հագնում, գույնզգույն ծոպերը ներքևից կախ, իսկ գլխին` միշտ նույն վառ գույնի կտորից թասակը: Տաճարում միշտ բոբիկ էր շրջում, ժպտերես, դուրս ցցված տգեղ ատամներով, կաս-կարմիր, մինչև ոսկրոտ ծնկները հասնող ճեփ-ճերմակ գուլպաներով: Նա երբեք, ոչ մի առիթով իրեն թույլ չէր տալիս սուրբ վայրում խոսելու որևէ մեկի հետ, ով էլ նա լիներ: Իսկ եթե շատ էին համառում, գրպանից թուղթ ու գրիչ էր հանում և գրավոր պատասխանում հարցին: Արտաքինից հիշեցնում էր եկեղեցու ծառայողի, բայց խիստ յուրահատուկ, կարծես ընդգծված ծաղրանկարային կերպարով: Սկզբում կարծում էի` «շեղված» հավատքով մի նեգր է, ինչպես հաճախ կարելի է այնտեղ տեսնել, բայց երբ ամիսներով հանդիպում էի նրան Տաճարում, և նույնիսկ բոլոր քրիստոնեական հարանվանությունների առավոտյան պատարագներին մասնակցելիս, որպես «ազատ ունկնդիր», ուզում էի հասկանալ նրա այստեղ լինելու նպատակն ու դիրքը: Բայց այդպես էլ ինձ համար հանելուկ մնաց, մինչև որ հետաքրքրությունից դրդված հարց ու փորձ չարեցի նրա մասին:
Ընթերցողը գուցե և խորհի, թե իմ ինչի՞ն էին պետք նրա մասին այսքան խոսելն ու մտածելը: Ասեմ` այդ մեկն ինձ այստեղ հանդիպած ամենաբարեպաշտ, հավասարակշռված, խոնարհ, միշտ ուրախ, հեզահամբույր ու քաղցրաբարո քրիստոնյան էր: Քանի առաքինության անուն տալու էլ լինեմ, բոլորը կհամապատասխանեն նրա բարեպաշտ քրիստոնեական նկարագրին: Իսկ երբ Նոր տարվա օրը մնացի Սուրբ տաճարում մեր գիշերային արարողություններին մասնակցելու, առավոտյան ծեգին, դեռ չլուսացած, երբ բացվեցին Տաճարի դռները, առաջինը նա ներս մտավ սուրբ վայրը, իր հետ բերելով իր նման աֆրիկացիների մի մեծ խումբ, որոնք նրա նման լուռ էին ու ոտաբոբիկ, չնայած մենք մրսում էինք դրսի պաղ օդի հոսանքից, որ ներս էր թափանցում արդեն հունվարյան առաջին օրվա աղջամուղջին: Նրանք լռությամբ ու երկյուղածությամբ եկան ու խոնարհվեցին սուրբ Գերեզմանի առաջ, ու տեղավորվելով դիմացի փայտյա նստարաններին, մունջ աղոթքի տրվեցին, ինչը արտաքինից պարզ երևում էր նրանց խորասուզված ու խոնարհ վիճակից, ու մեկ էլ մուգ ու հաստաշուրթ բերանների աննշան շարժումներից: Իսկ երբ մենք ավարտեցինք պատարագը և շտապ-շտապ հավաքում էինք մեր ծիսական արարողության անոթներն ու գորգերը, կարճլիկ աֆրիկացին մուլտֆիլմերի փոքրիկ ու շարժուն թզուկի պես, եռանդով ու ջանասիրությամբ օգնում էր մեզ, հետն էլ երբեմն-երբեմն երգելով հենց նոր ավարտված մեր հայկական պատարագի հատվածներից, այն էլ հայերեն։ Իսկ երբ լատինները սկսեցին դասավորել իրենց արարողության անոթները, նա նույն ջանասիրությամբ սկսեց նրանց և օգնել, Սուրբ Հոգով պայծառացած, ուրախ ու ժպտուն դեմքով: Եվ ինձ այնպես էր թվում, որ նա Նոյի անիծած Քանանի ցեղի դարձի եկած որդիների «ընդհատակյա» հոգևոր առաջնորդն է, որոնք ուզում են, գոնե այս ձևով ծառայելով օգտվել մնացած առաքելահիմք եկեղեցիների «սեղանի փշրանքներից», կատարելով Նոյ նահապետի խոսքը. «Անիծյալ լինի Քանանը ու իր եղբայրներին ծառա լինի» (Ծննդ. 9. 25): Զարմանալի են Աստծո գործերն ու անքննելի են Տիրոջ ճամփաները, և երիցս օրհնյալ են մեր Արարչի խոսքերը, որ այստեղ կատարված տեսանք, որ «Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, և վերջիններ՝ առաջին» (Մատթ. 19. 30), և դարձյալ Պողոս առաքյալի խոսքերով. «Եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցեք. ըստ մարմնի` ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ և ոչ շատ ազնվականներ կանչվեցին. բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. և Աստված աշխարհի ոչ տոհմիկներին և արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի եղածներին ոչնչի վերածի. որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ» (Ա. Կորնթ. 1.26-29):
Հաջորդ խենթը ծանր ապաշխարության լուծն ուսին առած մի կին էր, որն ուխտ էր արել Սուրբ տաճարի գավթից սկսած, ծնկաչոք քայլել բոլոր սրբատեղերով ու ամեն տեղ մի մոմ վառել: Այդ տառապալից ապաշխարանքը կրող աղախնուն երբեմն-երբեմն Սուրբ տաճարում տեսնելիս, չգիտես ինչու մտաբերում էի սուրբ Մարիամ Եգիպտացուն, որն իր մեղքերի տառապանքը 48 տարի անապատային տեղերում կրեց, վայրի գազանների ընկերակցությամբ, սնվելով միայն բույսերի արմատներով: Խիստ զավեշտալի պատկեր էր բացվում, երբ նա «չոքեչոք» շարժվում էր ինքնավստահ, հպարտ կեցվածքով կանգնած, երբեմն էլ ձեռքերը գրպաններում սրբատեղերի մոտ մոմերի խրձեր վառող զբոսաշրջիկների կողքով, որոնք անտարբեր, կամ էլ ամենաշատը, զարմացած կարեկցանքով էին նայում ապաշխարող այդ խեղճ «մեղավորին», դրանով իսկ նմանվելով այն փարիսեցուն, որը զղջումով իր կուրծքը ծեծող մեղավոր մաքսավորի հանդեպ արհամարհանքով խոսեց, և այդ պատճառով, ըստ Հիսուսի խոսքի, մաքսավորը Տաճարից ավելի արդարացած գնաց, քան իրեն արդար կարծող փարիսեցին:
Մի օր էլ Տաճարում հանդիպեցի դերվիշի արտաքինով յուրահատուկ խենթի, որին ես միշտ փողոցներում մուրալիս էի տեսնում: Այդ առավոտ նա բոլորից շուտ եկել ու նստել էր Գրիգոր Լուսավորչի` մեր Հայոց եկեղեցու դահլիճի մարմարյա նստարաններից մեկի վրա ու լուռ ինչ-որ բան էր ուտում: Ես էլ, որ միշտ այցելում էի այս հոգեհարազատ սրահը, սուրբ խորանի առջև կանգնած աղոթքով մտորում էի, հանկարծ հետևիցս մի ձայն լսեցի, ու երբ շրջվեցի, մի պահ զարմանքից ու վախից քարացա: Այդ խենթը սպառնալից հայացքով ատրճանակ էր ուղղել ինձ վրա, հրամայական ձևով հասկացնելով, որ իրեն փող տամ: Ես էլ կարկամած հասկացրի, որ դրամ չեմ վերցրել հետս, ու ասածս հաստատելու համար շուռ տվեցի դատարկ գրպաններս: Նա մի պահ նայեց աչքերիս, ապա հետ գնաց և իր նստած տեղի տոպրակը բացելով, միջից մի հատ արաբական կլոր հացի նկանակ բերեց ու լուռ մեկնեց ինձ: Ես հրաժարվեցի այն ընդունելուց, հասկացնելով, որ քաղցած չեմ ու դրա կարիքը չունեմ, բայց նա, ձեռքի ատրճանակը սպառնագին բարձրացնելով, պարտադրեց, որ հացը վերցնեմ, իսկ երբ հնազանդվելով վերցրի նրա «պարտադիր ողորմությունը», նա մեղմ ու իրենից գոհ ժպտաց, որ կարողացավ ինձ նման «ոչինչ չունեցող աղքատին» ինչ-որ բանով օգտակար լինել: Իսկ ես, որ աչքս ատրճանակից չէի հեռացնում, հանկարծ կիսախավարի մեջ նշմարեցի, որ այն ընդամենը մանկական խաղալիք է, ու հանգիստ շունչ քաշեցի: Երբ նա հավաքելով իր ունեցած-չունեցածը հեռացավ սրահից, ես դեռ լուռ կանգնած էի խորանի առաջ, ձեռքումս բռնած առաջին անգամ պարտադրաբար ողորմություն ստացած հացի նկանակն ու մտածում էի, որ այս արտառոց քաղաքի մուրացկաններն էլ են արտառոց ու խենթ:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ